Ետմիջօրեի տապը խարանեց
ճակատս՝ բախտի գրերով ցոլված –
ինչպես վայել է դահճին աներես,
որ ստանում է, սակայն, չնչին վարձ:
Խարանեց, որպես պատիժ անայլայլ՝
միաձայն վճռով ու վավերացված -
որ սիրուց բաժին հանեցի շռայլ
հողին, Աստծուն ու մերձավորաց:
Որ պարտք չունեցա ջրին ու հացին,
հոգու թատրոնում հուշարար եղա,
կյանքից ճանապարհ միայն հուսացի
ու երազի հետ ես եղբայրացա:
Եվ հավատացի խոսքի ճախրանքին
աշխարհների մեջ, անդրաշխարհում,
որ գրի խորքում իր մահն է կնքում
մեր պոչին նստած չարագործ ոգին...
Այժմ տապ չէ, այլ՝ քամի մրրկախանձ –
շուրջկալել է ինձ հրով մահագույն,
փրկօղակ գուցե լինի սերը նույն -
հողին, Աստծուն ու մերձավորաց:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ